Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Մարտի 17-ին Օմանի Սուլթանությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի միջև հանդիպում, որի շրջանակում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը։

Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել այս պատմական այցը՝ նշելով, որ այն տեղի է ունենում տարածաշրջանային բարդ իրավիճակի պայմաններում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարարին այցի կազմակերպման և հատկապես Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության համար։

Հանդիպման ընթացքում երկու նախարարներն ընդգծել են Օմանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հանգրվան։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

Մարդկանց միջև շփումների խթանման նպատակով ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման որոշման և մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ուղղությամբ ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 հայրենի։

Հանդիպման ընթացքում նախարարները նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ընդգծելով դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը։

Արարատ Միրզոյանը հանդիպման ավարտին գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին գործերի նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով։